Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը:
Հաղորդագրությունում ասվում է. «Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։
Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչեւ +26, սակայն ըստ կանխատեսման՝ այսօր եւ վաղը Սյունիքի հովիտներում կգրանցվի +30․․․+32, իսկ Արարատյան դաշտում եւ Երեւանում +27․․․+29 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10 աստիճանով։
Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի ապրիլի 10-ից՝ իր տեղը զիջելով Սեւ ծովից մոտեցող ցիկլոնին։
Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25մ/վրկ։
Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից եւ ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով, մոտենալով կլիմայական նորմային»։