
Երկու մեծ կաղամբ՝ ընտանիքին մեկ անգամ ուտելու բորշչի համար․եփածը մի օր հազիվ հերիքի։ Մելքոնյանների ընտանիքը Հայաստանում ամենաբազմազավակ ընտանիքն է․ այստեղ մի հարկի տակ 18 հոգի է ապրում։ Հանրային ռադիոյի մեր գործընկերները հյուրընկալվել էին այս ընտանիքին։
Պարոն Մարտիկը որդեգիր ընտանիքում է մեծացել, զարմիկն էլ 90-ականներին Ղարաբաղյան պատերազմում զոհվել է․ ինքն էլ որոշել է երեխաներ ունենալ թե՛ իր, թե՛ եղբոր փոխարեն։ Երեխայի ծնունդը օրհնություն է, յուրաքանչյուր երեխայի ծնունդով մեր ընտանիքում դրական փոփոխություն է եղել՝ ասում է ընտանիքի հայրը։

«Ես միշտ լավատես եմ եղել, հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Իմ ընտանիքում եղած ամեն ինչը լավատեսության արդյունք է։ Երբեք չեմ տրտնջացել, չեմ դժգոհել՝ էս չունենք, էն չունենք։ Շատ խնդիրներ են եղել, հիմա էլ կան, բայց ես լավատես եմ, հավատում եմ, որ ամեն ինչ իր ժամանակին կլինի»,- ասում է Մարտիկ Մելքոնյանը։
Դժվարությունները՝ լավատեսությամբ, խնդիրներն էլ ժպիտով են հաղթահարում, Մարտիկի համար ամենամեծ «դժվարությունը» տան լռության հետ հաշտվելն է։
«Այսօր առավոտյան բոլորը գնացել էին։ Յոթ երեխա՝ դպրոց, երկուսը՝ մանկապարտեզ, մեծերն էլ փոքրերին էին ուղեկցում։ Տանը մնացել էր միայն փոքրիկ Հակոբը, մի խոսքով՝ տունը դատարկվել էր։ Այնքան անսովոր լռություն էր, նստած մտածում էի՝ մի քանի տարի հետո սենց է լինելու մեր տունը»,– պատմում է բազմազավակ հայրը։
Բազմամարդ ընտանիքում ամենափոքրը 2 ամսական Անժելան է՝ Մելքոնյանների թոռնուհին։ Երեխայի խնամքն այստեղ ծնողների հետ կիսում են նաեւ 10–ը հորաքույրերն ու 4 հորեղբայրները։
«Երեխա պահելու, մեծացնելու համար մեծ պատասխանատվություն ու խելք է պետք, պետք է գիտակցես, որ եթե երեխա ունես, ուսերիդ մեծ պատասխանատվություն կա»,– ասում է Մելքոնյանների ավագ որդին։
5 տարեկան Սամվելն ուզում է վարչապետ դառնալ, առնվազն 15 քվե հաստատ ունի․ հարազատ քույրերին ու եղբայրներին կհամոզի՝ իրեն ընտրեն․․. Այստեղ նույնիսկ հյուրերի համար ոտանավոր ասելն է ավելի հեշտ․ ասմունքողին միանգամից 7-8 հոգի հուշում է:
Երբ արդեն բոլորը տանն են, խնդրում ենք բազմոցին մեծից փոքր նստել․ առաջադրանքը բարդ է, խառնաշփոթ է, հավաքվելու համար իսկական «մարդահամար» է իրականացվում, իսկ հետո ակտիվ քննարկում է սկսվում, թե ով որտեղ պիտի նստի։ Բոլորը տեղում են, պարոն Մարտիկը Թումանյանի՝ այս իրավիճակը նկարագրող հայտնի խոսքն է հիշում․
«Ավիկ ջան, տես, ես ունեմ 10 երեխա: Եթե իմ յուրաքանչյուր զավակ ինձ պես մտածի, կունենամ 100 թոռ, եթե թոռներս էլ ինձ պես մտածեն, կունենամ 1000 ծոռ: Մի խոսքով՝ 6 սերունդ հետո միայն ինձնից 1 000 000 հայ կծնվի …»
Այս ընտանիքում 1 զինվոր, 7 դպրոցական ու մանկապարտեզի 2 սան կա։ Արարատի մարզի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի 7 տարբեր դասարաններում Մելքոնյանների ընտանիքից միաժամանակ մեկական ներկայացուցիչ կա։
«Մելինեն սովորում է 2-րդ դասարանում, Սամուելը՝ 3-րդ դասարանում, Եսթերը՝ 5-րդ, Արմինեն՝ 6–րդ, Սառան՝ 7–րդ, ես՝ 9–րդ, իսկ Մարիամը՝ 11–րդ։ Ամեն մեկն իր դասն անելու ժամը գիտի, դպրոցից գալիս ենք, հաց ենք ուտում, մի քիչ խաղում ենք, հետո մինչեւ ժամը 5-6-ը խմբակային նստում, դաս ենք անում»,– պատմում է Նազելի Մելքոնյանը։
Մելքոնյանների ընտանիքի նման Հայաստանում բազմազավակ շուրջ 8800 ընտանիք կա։ 6500–ը 4 երեխա ունեն, 2300-ը՝ 5 եւ ավելի։ 2019-ին ծնված երեխաներից միայն 1260–ն են ընտանիքում 4-րդը եղել, մինչդեռ 1990–ին այդ թիվը 4000 էր։ Ավելի քիչ են 5-րդ եւ հաջորդ երեխաները․ 2019-ին հանրապետությունում շուրջ 400 երեխա է ծնվել, որը եղել է ընտանիքի 5-րդ կամ հաջորդ երեխան։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանն այս թվերը մտահոգիչ է համարում, ասում է՝ հենց այս նպատակով էլ մշակել ու հանրային քննարկման են ներկայացրել «Բազմազավակ ընտանիքների մասին» նոր օրենքի նախագիծը։ Դրանում ամենակարեւորը, ըստ Մարկոսյանի, «բազմազավակ ընտանիք» հասկացությունը սահմանելն է։
Մանրամասները տեսանյութում։