Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ 8 մլն դրամ Նորաշեն գյուղի դպրոցին՝ ժամանակակից սարքավորումներով քիմիայի լաբորատորիա կառուցելու համար

8 մլն դրամ Նորաշեն գյուղի դպրոցին՝ ժամանակակից սարքավորումներով քիմիայի լաբորատորիա կառուցելու համար

0

Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանը նվաճել է Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցելու իրավունք:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հյուրընկալել է Տիգրան Հարությունյանին, Նորաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանին եւ քիմիայի ուսուցչուհի Բալասան Հակոբյանին:

Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն ասել է. «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Տիգրանի հաղթանակների առթիվ: Զարգացման, առաջընթացի, հաջողությունների հիմքը կրթությունն է: Ես հպարտ եմ, որ Տիգրանն անցել է գործի եւ անում է այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Ես շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ Տիգրան, որ դու ճիշտ ճանապարհ ես ընտրել եւ վստահ եմ, որ դու կյանքում մշտապես հաջողելու ես:

Ես հիշում եմ մարզպետարանում մեր նախորդ հանդիպման ընթացքում ծավալված քննարկման ժամանակ Տիգրանի եւ մյուս դպրոցականների արտահայտած հիացմունքի արժանի մտքերն ու գաղափարները: Տիգրանն ապացուցում է այն ճշմարտությունը, որ բնավ կարեւոր չէ, թե մարդ որտեղ է ծնվել եւ բնակվում, հաջողության հասնելու համար կարեւոր է աշխատասիրությունն ու ձգտումը: Կանաչ ճանապարհ եմ մաղթում եւ չեմ կասկածում, որ Տիգրանի հաջողությունները դեռ առջեւում են»:

Իր խոսքում մարզպետը նշել է, որ քաջատեղյակ է Տիգրանի՝ հարազատ գյուղի դպրոցում քիմիայի լաբորատորիա ունենալու եւ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ունենալու ցանկությանը, ապա հայտնել, որ որպես Տիգրանի աշխատասիրության եւ քիմիայի օլիմպիադայում բարձր արդյունքներ գրանցելու խրախուսանք, մարզպետարանը կտրամադրի անհրաժեշտ շուրջ 8 մլն դրամը, որպեսզի Նորաշենի դպրոցում կառուցվի անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ունեցող եւ ժամանակակից կահավորմամբ քիմիայի լաբորատորիա:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցբերելու եւ Քիմիայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի անդամ դառնալու համար ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանին պատվոգիր է հանձնել:

Մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Նորաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանը եւ քիմիայի ուսուցչուհի Բալասան Հակոբյանը եւս պարգեւատրվել են մարզպետի պատվոգրերով:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում Տիգրան Հարությունյանի նվաճումներն այսքանով չեն սահմանափակվում: Կենսաբանություն առարկայից նա նվաճել է հանրապետական փուլին մասնակցելու իրավունք, իսկ նախորդ տարի օլիմպիադաներից վերադարձել է մրցանակներով:

Մեկնաբանել