Այսօր՝ ապրիլի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com–ի, ժամը 01։00-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «3-րդ պասյոլոկում»՝ Լեռնագործների փողոցի թիվ 25 շենքի դիմաց, ավտոմեքենա է այրվում։ Հրշեջները մարել են Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենայում բռնկված կրակը։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, եւ բեռնախցիկի հատվածը, այն դարձել է ոչ շահագործելի։
Կայքի թղթակցի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատեր Լիլիթ Ադյանն ասել է․ էր. «Սա միտումնավոր է այրվել, ու հիմա Վարդենիսի ոստիկանները փորձում են սարքեն, թե իբրեւ ավտոմեքենան անսարքության հետեւանքով այրվել է։ Դա սուտ է, մեքենայի վրա բենզին են լցրել եւ այն հրկիզել։ Երջանիկ պատահականությամբ եւ շնորիվ հրշեջների օպերատիվ գործողությունների՝ կրակը գազաբալոնին չի հասել։ Եթե այն պայթեր, վնասը ոչ միայն ավելի մեծ էր լինելու, այլ նաեւ հնարավոր է՝ տարածվեր ու վնասեր գազատար խողովակները, քանի որ դրսում՝ ավտոմեքենայի հարեւանությամբ, մի քանի թաղամաս սնուցող գազախողովակ է անցնում։ Չգիտենք՝ ինչու է Վարդենիսի ոստիկանությունը ոտի վրա նման եզրահանգման եկել, որ սա միտումնավոր չէ, թե՞ իրենց այդպես է ձեռք տալիս։ Մենք նույնիսկ անուններ ենք տալիս, թե ովքեր են հնարավոր հրկիզողները։ Չեն ուզում օբյեկտիվ քննություն կատարեն։ Եթե տեղի ոստիկանությունը օբյեկտիվ քննություն չկատարի, դիմելու ենք ՀՀ ոստիկանապետին, քանի որ Վարդենիսում նմանատիպ բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել եւ բոլոր գործերում ծածկադմփոց են ցուցաբերել»։
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում։