Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Համայնքի ղեկավարը չնչին վարձով հողը վարձակալության է հանձնել իր մորը, ապա 425-ապատիկ...

Համայնքի ղեկավարը չնչին վարձով հողը վարձակալության է հանձնել իր մորը, ապա 425-ապատիկ թանկ հանձնել ենթավարձակալության

0

Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ մարզի Փոքր Սարիարի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից համայնքապատկան հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացում առերեւույթ չարաշահում թույլ տալու դեպքի առթիվ:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2002-2016թթ. Փոքր Սարիար համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա.Ա.-ն, ով դրանից հետո հանդիսանում է Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա¬րած¬քում հեռա¬հաղորդակցության օպերատոր ընկերութ¬¬յան կողմից ալեհավաք կայան տեղա-դրելու, շահագործելու մտադրության եւ դրա դիմաց վարձավճար վճարելու պատրաստա-կամութ¬յան մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա¬մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա¬գրումն համայնքային բյուջեի փոխարեն ուղղել իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2006թ. օգոստոսի 21-ին իր մոր` Օ. Դ.-ի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան ընդամենը 1125 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու պայմանագիր:

Պայմանագրի հիմքում դրվել է 2006թ. հուլիսի 17-ի մրցութային հանձնաժողովի արձանագրությունը, համաձայն որի՝ ինքը՝ համայնքի ղեկավարը, հանդիսացել է մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխա¬ները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը:

Այնուհետեւ, համայնքի ղեկավարը վարձակալության պայմանագիր կնքելուց երեք օր անց՝ 2006թ. օգոստոսի 24-ին, մոր միջոցով նույն հողամասը տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել բջջային օպերատոր հանդիսացող ընկերությանը, որի արդյունք¬ում մինչեւ 2020թ. փետրվարի 17-ն  ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր 5.8մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ փոխարենը համայնքի բյուջե որպես վարձավճար փոխանցելով միայն 15.000 ՀՀ դրամ: Այդ կերպ համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավո¬րութ-յունից:

2021թ. մարտի 30-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննության ընթացքում վերջինս հանցագործությամբ պատճառված նյութական վնասից վերականգնել է 2.7մլն ՀՀ դրամը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Շիրակի մարզի 14 համայնքներում պարզված՝ համայնքապատկան հողատարածքների վարձակալության եւ ենթավարձակալության  նմանատիպ հանցավոր դրսեւորումների կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ, որոնցով համայնքների գործող կամ նախկին 6 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ: Քրեական գործերով հայտնաբերվել է համայնքներին պատճառված ընդհանուր 89մլն ՀՀ դրամի վնաս, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է մոտ 14մլն ՀՀ դրամը

 

Մեկնաբանել