Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Հրազդանում բացված կենտրոնը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթ

Հրազդանում բացված կենտրոնը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթ

0

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում բացվել է անասնաբուժական եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնը հիմնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (CARMAC) 2-րդ ծրագրի շրջանակներում:

Անասնաբուժական եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Գառնիկ Հովհաննիսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, Հրազդանի քաղաքապետի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը:

Մասնագիտացված կենտրոնի նպատակն է  Հայաստանում զարգացնել անասնապահության ոլորտը: Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների եւ միջազգային ընկերությունների միջեւ, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ եւ տեղեկատվություն՝ անասնապահության զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման եւ անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով եւ գործիքներով։

Կենտրոնում ծառայություններ են մատուցելու նաեւ արցախցի երկու անասնաբույժներ: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը նրանց հրավիրել է ՊՈԱԿ՝ առաջարկելու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» հետ համագործակցություն՝ ներգրավվելու գյուղկենդանիների պատվաստման գործընթացում:

(CARMAC) 2-րդ ծրագրի շնորհիվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է նաեւ արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան: Լսարանը համալրված է լինելու կենդանիների արհեստական սերմնավորման մի շարք մուլյաժներով` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար: Լսարանի բացման արարողությանը եւս ներկա են գտնվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից:

Լսարանում նախատեսվում է նաեւ անասնաբույժների, արհեստական սերմնավորող տեխնիկների եւ ֆերմերների վերապատրաստում՝ ինչպես կովերի ծննդօգնության, այնպես էլ արհեստական սերմնավորում թեմաներով:

Մեկնաբանել