
Եղեգնաձոր քաղաքում կատարված սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ Գետափ գյուղի բնակիչներ:
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ որ պարզվել է, որ դեպքն առնչություն եւ պատճառահետեւանքային կապ ունի նախկինում կատարված մեկ այլ հանցագործության հետ, որն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը:

Մասնավորապես՝ դեռեւս 2021թ. մարտի 1-ին տեղեկացրել էինք, որ Գետափ գյուղի 62-ամյա բնակչի եւ Եղեգնաձոր քաղաքի 44-ամյա բնակչի միջեւ անձնական հարցի շուրջ պարզաբանման ընթացքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս աջ ձեռքի ափով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել էր 62-ամյա տղամարդու ձախ քունքային հատվածին՝ դիտավորությամբ նրան պատճառելով ծանր մարմնական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը: 44-ամյա տղամարդը կալանավորվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով:
Դեպքից որոշ ժամանակ անց՝ 2021թ. ապրիլի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, 62-ամյա տղամարդու որդիները, իրենց հոր մահվան առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով, Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղում գործող ավտոտեխսպասարկման կետում հանդիպել են վերոհիշյալ գործով մեղադրյալ, 44-ամյա տղամարդու եղբորը՝ Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչին:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 62-ամյա տղամարդու որդիներից մեկը, գտնվելով ոչ սթափ վիճակում, հոր մահվան վրեժը լուծելու շարժառիթով, 43-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, մեջքի եւ պարանոցի շրջաններին, որոնցից մեկը դիպել է նաեւ միջադեպին ներկա գտնվող եւ կռիվը բաժանող, իր հորեղբոր որդուն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 62-ամյա տղամարդու որդիներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: