
Կրթությամբ կյանքը փոխելուն ուղղած ծրագիր է իրականացվելու Տավուշի մարզում՝ 2020 թվականի Արցախի պատերազմից տուժածների համար:
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն (ԳՏՏԿ) իրականացնում է «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիր՝ մարզային աջակցման եւ զարգացման համար։

Այն կօգնի Տավուշի մարզի Նոյեմբերյանում, Բերդում եւ Իջեւանում ապրող 100 անհատի, որոնք պատերազմի հետեւանքով հայտնվել են սոցիալական ծանր վիճակում եւ ունեն աշխատանքով ապահովված լինելու խնդիր: Ծրագրի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն ծրագրավորման գիտելիքներ եւ հմտություններ, հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում, ֆինանսական կառավարման՝ հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում:
Ծրագիրը կտեւի 10 ամիս, իսկ դասընթացները՝ 8: Դիմելու համար հարկավոր է համայնքապետարանից տեղեկանք`պատերազմից տուժած լինելու վերաբերյալ եւ գրանցում հետեւյալ հղումով՝ https://forms.gle/rKyzuXzszSaW8ptU8: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն ապրիլի 10-ն է:
«Ծրագիրն ուղղված է սահմանամերձ գոտիներում գործազրկության նվազմանը, երիտասարդության զբաղվածության, աշխատանք գտնելու հարցերի լուծմանը, հատկապես այն երիտասարդների համար, որոնց կյանքն առանց այդ էլ տարիներ շարունակ թշնամու կրակի տակ է եղել, իսկ 2020 թվականի Արցախում սանձազերծված պատերազմից հետո ավելի կարեւոր է լուծել հայրենիքի ծառայությանը նվիրված մեր հայրենակիցների զբաղվածության հարցը: Նոր տեխնոլոգիական լուծումներն ու թվային տեխնոլոգիաների կարողությունների ձեռքբերումը հնարավորություն կստեղծի շատ ավելի հեշտությամբ լուծել բարձր վարձատրվող աշխատանք գտնելու խնդիրը»,-տեղեկացրել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
Այս ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գործընկերներն են՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը եւ Հայ օգնության ֆոնդը: