Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության համար ոստիկանությունը տուգանք կկիրառի. չափը՝ 100 կամ 200-300...

Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության համար ոստիկանությունը տուգանք կկիրառի. չափը՝ 100 կամ 200-300 հազար դրամ

0

Ապրիլի 11-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Հարսանիքից հետո՝ օրենքով սահմանված գիշերային լռության ժամին, մոտ կես ժամ տեւած հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Իրականացվում է վարչական վարույթ»,- հավելեց նա:

Հետաքրքրվեցինք, թե բողոք-ահազանգի հիման վրա՞ է արձանագրությունը կազմվել, թե՞ ոստիկաններն են հայտնաբերել խախտումը: Գաբրիելյանը պատասխանեց, որ ոստիկաններն են գնացել հրավառություն իրականացվող տարածք:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը («Լռություն խախտել»), ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ գիշերը՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ): Սա նշված հոդվածի 2-րդ կետով է նախատեսվում:

Եթե հրավառությունն իրականացվում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ապա սահմանված տուգանքի չափը 200-300 հազար դրամ է:

Ոստիկանությունից չեն մանրամասնում՝ վարչական վարույթը 180-րդ հոդվածի 2-րդ, թե՞ 5-րդ հոդվածով է, այսինքն՝ հնարավոր տուգանքի չափը 100 հազա՞ր, թե՞ 200-300 հազար դրամ կարող է լինել:

Մեկնաբանել