
Համացանցում բուռն քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքը: Ապրիլի 10-ին տեղի տեղի ունեցած հարսանիքին նորապսակները՝ Նվերն ու Արփին եկեղեցի են ժամանել ուղղաթիռով, հարսանիքին էլ ավարտվել է մոտ 30 րոպե տեւողությամբ շքեղ հրավառությամբ, ինչն առաջացրել է ֆեյսբուքյան օգտատերերի վրդովմունքը:
«Այդ խիստ անտեղին, խիստ անհարիր հրավառությունից հետո տեսնես քանի՞-քանի հազար մարդ մտածեց, որ այնուհանդերձ ճիշտը Ծառուկյանին ունեզրկելն է։ Նույնիսկ ե՛ս մտածեցի, որ սալյուտի հրանոթները պիտի պետականացվեն եւ վերջ։ Ահավոր տհաճ է, ահավո՛ր….»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Խրախճանք ժանտախտի պահին, ավելի ճիշտ՝ պետության փլատակների վրա»,- գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ «Ուզում եք ամուսնանալ ամուսնացեք…Բայց արդյո՞ք ճոխությունը ձեզ կպարգեւի երջանկություն, արդյո՞ք ճոխությունն է ձեզ պարգեւելու հպարտանալու զավակներ, արդյո՞ք ճոխությունն է ձեր ընտանիքը սարքելու հայոց պետության փոքրիկ բջիջ, արդյո՞ք ճոխությունն է ձեր ընտանիքից ելած երեխաներին դարձնելու հասարակությանը պիտանի մարդ, արդյո՞ք հիմա ճոխության ժամանակ է առհասարակ»,- իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Ազգային ժողովի ԲՀԿ–ական պատգամավորներն էլ իրենց հերթին ջանք ու եռանդ չեն խնայել պաշտպանելու կուսակցության առաջնորդին։ Մասնավորապես գտնում են, որ մինչ Ծառուկյանին ունեզրկելը, շատ մարդ կա, որ պիտի ունեզրկվի։ Ըստ պատագամավորների՝ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի, այլ գործարար, եւ իր աշխատանքով է հարստացել։
Պաշտպանելով իրենց շեֆին, ԲՀԿ–ական շարքային պատգամավորները թերեւս մոռացել են կամ պարզապես նրանց ձեռնտու չէր հիշելու, թե քանի մարդ է ունեզրկվել կամ սնանկացել Ծառուկյանի ջանքերով, քանիսն են արտագաղթել Հայաստանից գործարար Ծառուկյանի պատճառով։
Հանրությանը հայտնի է գործարար, «Քինգ դե Լյուքս» ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանի հետ Ծառուկյանի սկանդալը։ Հիշեցնենք՝ Հարությունյանը տրանսպորտային ընկերություն էր հիմնել, նոր տեսակի ավտոբուսներ ներկրել Հայաստան ու փորձում էր նոր մշակույթ ձեւավորել տրանսպորտային բիզնեսում։ Բայց, ըստ մամուլի հրապարակումների, բարեգործ Ծառուկյանը իր «Պազիկ»–ներով, իբր բարեգործության անվան տակ, սնանկացրեց ընկերությունը՝ խլելով, իրավական ձեւակերպամբ՝ գնելով «Քինգ դե լյուքսի» միջոցները, շենք–շինությունները։ Հետհեղափոխական Հայաստանի դատարաններն էլ չկարողացան լուծել այդ թնջուկը, իսկ Արթուր Հարությունյանը իր ընտանիքով արտագաղթեց Հայաստանից։ Սա միայն մեկ օրինակ՝ բարեգործ–բարերարի առօրյայից։ Իսկ քանի–քանիսն են լուռ հեռացել՝ թողնելով իրենց ունեցվածքը։
Ու հիմա դարի հարսանիքն է ճոխ–շվայտ։ Մեկ շաբաթ առաջ, Ծառուկյան ընտանիքի կողմից 100 միլիոն դրամ փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Գուցե՞ հույս ունեին, որ այս բարեգործությունը կլռեցնի շատերին ու հարսանիքը քննարկման թեժ չէր դառնա։ Ինչեւէ, ասում են երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների արածի համար, ծնողներն էլ երեխաների։ Մնում է երջանկություն մաղթել նորապսակներին՝ հույս ունենալով, որ գոնե կրտսեր Ծառուկյանը հոր նման չի ունեզրկի ոչ մեկին։
Իսկ մինչ այդ հանրությունը սոցցանցերում շարունակվում է քննարկումները՝ ունեզրկե՞լ ավագ Ծառուկյանին, թե՞․․․