Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Ապրիլի 14-ից մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Ապրիլի 14-ից մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

0

Վաղվանից Երեւանում, ապրիլի 14-ից՝ մարզերում, կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, թե նշաձող են սահմանել մինչեւ 700 000 անձի պատվաստում իրականացնել՝ պատվաստանյութերի ձեռք բերմանը զուգահեռ։

«Հիմա բաշխման փուլն է ընթանում, վաղվանից կսկսվի «AstraZeneca»-ի, 1-2 օրվա տարբերությամբ՝ «Սպուտնիկ-V»-ի պատվաստումը»,-նշեց նախարարը՝ հավելելով, թե արդեն իսկ կան հերթագրված քաղաքացիներ։

Նա հայտնեց՝ քանի որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, սահմանել են պատվաստվողների խմբեր։ «Դրանք հետեւյալն են՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, խրոնիկ հիվանդներ՝ մինչեւ 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներ եւ աշխատակիցներ՝ մինչեւ 55 տարեկան»,-ասաց Ավանեսյանը՝ նշելով, թե այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն։

«Երբ կլինեն «Սպուտնիկ-V»-ի նոր խմբաքանակներ, եւ, միանշանակ, 65-ից բարձր քաղաքացիները եւս կպատվաստվեն «Սպուտնիկ-V»-ով»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ հերթագրման առաջնահերթության էլ կիրականացվեն պատվաստումերը։

Անդրադառնալով իր հայտարարությանը, որ Չինաստանից եւս պատվաստանյութ են ակնկալում, Ավանեսյանը մանրամասնեց․ «Ակնկալում ենք Չինաստանից նվեր ՀՀ-ին՝ «Սինովակ» պատվաստանյութը, առաջիկայում պետք է որ ժամանի, հստակ ժամկետ չեմ կարող ասել»,-նշեց նա։

Նախարարն ընդգծեց՝ պատվաստումը կամավոր է։

 

Մեկնաբանել