Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Գերեվարված զինվորների ծնողները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը, աշխատակիցները տուն...

Գերեվարված զինվորների ծնողները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը, աշխատակիցները տուն գնալ չեն կարող

0

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը: Աշխատանքային ժամն ավարտվել է, աշխատակիցները, սակայն, շենքից դուրս գալ չեն կարող:

Ծնողները մեկ անգամ եւս կրկնեցին իրենց պահանջը. դուռը չեն բացի այնքան ժամանակ, քանի դեռ Գյումրի չեն եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ չեն ասել, թե երբ են իրենց որդիներին Հայաստան վերադարձնելու:

«Մեր տղաները սրտանց մեկնել էին հայրենիքը պաշտպանելու, սակայն մեր զինվորականների անփույթ ու անգրագետ վերաբերմունքի պատճառով Խծաբերդում գերեվարվել են ադրբեջանցիների կողմից:

Էս ժամանակահատվածում մենք դիմել ենք պետական տարբեր կառույցների, նաեւ ՀՀ ղեկավարի հետ հանդիպում եղավ հենց այստեղ (նկատի ունի մարզպետարանը-խմբ.), ամեն հարց բարձրացվեց մեր կողմից:

Մինչ օրս ծնողներս գտնվում ենք խաբված վիճակում: Մենք գիտենք, որ միջազգային օրենքներ կան. պատերազմի դադարից անմիջապես հետո առանց որեւէ նախապայմանի հետ են վերադարձվում երկու կողմերի գերիները: Հմի էս մեր երեխեքի հարցը էս ի՞նչ դառավ:

Ես դա Փաշինյանին ասել եմ էստեղ հանդիպման ժամանակ: Ասել եմ՝ մեր երեխաները հաստատ որպես առեւտրի առարկա են մնացել թուրքի ձեռքում: Հարց տվեցի, թե ինչ է ուզում հակառակորդը, որ մենք չունենք տալու կամ համաձայն չենք, էդ ոնց բոլորը բոլորի դիմացը դուրս եկավ արենայից եւ դարձավ գերիների վերադարձ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

Գերեվարվածների հարազատները հայտարարում են, որ իրենց ոչ իշխանության, ոչ ընդդիմության շահերն ու ձգտումները չեն հետաքրքրում, նաեւ զգուշացնում են, որ թույլ չեն տվել ու թույլ չեն տա, որ տղաների կյանքի հարցը քաղաքականացվի:

«Եթե քաղաքականությունը կապում են մեր երեխաների կյանքի հետ, բայց մեզ դա չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում են միայն մեր երեխաները, որոնց արդեն 7 ամիս չենք տեսել: Մարդկանց հոգեկանն է խանգարվել արդեն: Սա ամենաահավոր պատիժն է, որ մարդուն, ծնողին տրվել է:

Հլը բերեք ծնողներին նայենք, գոյություն ունի՞ մեջները մե ղեավարիմ երեխա. թե՛ գերեվարվածների, թե՛ անհետ կորածների, թե՛ զոհվածների մասին է խոսքը: Ի՞նչ է կատարվում մեր հանրապետությունում, կա՞ մե ղեկավար անձմ, թող ըսե, որ իմ երեխես էլ է ընդեղ: Էդ պավեստկա (ծանուցման թերթիկ-խմբ.) կոչվածները թող հլը բացեն, նայեն, ով ում ուր է տարել:

Մեր ՄՈԲ-ին Գուսաննաից եւ Ոսկեհասկից տարել են ու տարան անվերադարձ առայժմ: Հիմա դիմում ենք էդ կառույցներին, մեզ ասում են՝ ուզել են, տարել ենք, տվել Արցախի ՊԲ-ին: Եկել է մի պահ, որ ոչ մեկը պատասխան չի տա:

Էլ սպասելու տեղ չկա, ոչ էլ խոսքերին հավատալու տեղ է մնացել, թող գան, պատասխան տան»,- պնդում է ծնողներից մեկը:

Նրանք ասացին նաեւ, որ այսօր Արման Թաթոյանի հետ են հանդիպել: Շատ անհանգիստ են, քանի որ տպավորություն են ստացել, որ ամեն ինչ նորից զրոյից են սկսում:

«Արման Թաթոյանը սրտանց ուզում է գործին օգուտ տված լինի, բայց անհասկանալի է մի բան, ոնց որ անցած 5-6 ամիսների մեր տարբեր հանդիպումներն ի չիք դարձան, եւ հիմա էլի պետք է սկսենք նամակներ գրել միջազգային կառույցներին, ստորագրություններ դնենք:

Կարծես էլի 0-ից պետք է սկսենք, բա անցա՞ծը: Մենք միաձայն, համբերատար, քաղաքակիրթ, ինչ ասել են, էդպես էլ արել ենք, չկա մեկը, որ ավելորդ քայլ արած լինի, բայց մեզ ասում են՝ հանգիստ նստեք տեղներդ, մի խանգարեք երեխաների վերադարձին: Մեր երեխեքի կյանքի հետ են խաղում, էլ չգիտենք՝ կտեսնինք մեր երեխեքին, թե չէ»,- ասաց նա:

Ծնողները ընդգծեցին՝ պահանջում են վարչապետի հետ անհապաղ հանդիպում, գա, վերջին խոսքը ասի:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:00-ից, Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը, արգելում են ելումուտն ու պահանջում, որ Գյումրի ժամանեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրանք վերջին ակցիան կազմակերպել էին մարտի 9-ին. փակել էին Գյումրի-Երեւան մայրուղին՝ Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաեւ՝ Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաեւ՝ երկաթգիծը: Այնուհետ օրվա ավարտին բացել էին բոլոր ճանապարհները ու նշել, որ իրենց որոշումը մանրամասնել չեն ցանկանում:

Մեկնաբանել