Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ «Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկայի եւ Արարատի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվում է բազմաֆունկցիոնալ ծրագիր

«Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկայի եւ Արարատի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվում է բազմաֆունկցիոնալ ծրագիր

0

2021թ-ի փետրվարից «Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկան եւ «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամն Արարատի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում Արարատի մարզի մի շարք համայնքներում իրականացնում է բազմաֆունկցիոնալ պիլոտային ծրագիր՝ առաջնային բուժօգնության եւ հոգեբանական աջակցության անվճար տրամադրում ռազմական գործողությունների մասնակցած վիրավոր, հաշմանդամություն ձեռք բերած, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։

Ծրագրի նպատակն է այս մարդկանց համար ստեղծել հնարավորություններ՝ դուրս գալու հետպատերազմյան հոգեբանական ծանր վիճակից եւ վերադառնալու բնականոն կյանքի՝ աշխատանք, ուսում, սոցիում:

Նախագծի միտքը ծագել է հենց պատերազմի օրերին եւ «Աֆթեր Մեթեր» կազմակերպության եւ այլ անհատների հովանավորությամբ (ԱՄՆ-ից) անմիջապես սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

Ծրագրի թիրախում են հետպատերազմյան սթրեսից քրոնիկ հիվանդությունների սրացումներ՝ սիրտ-անոթային համակարգի վատթարացում, դիաբետ, ներզատական, նյարդային եւ աղեստամոքսային համակարգերի խնդիրներ եւ խանգարումներ, ինչպես նաեւ հոգեկան ծանր խնդիրների հանգեցնող տեւական տագնապներ եւ դեպրեսիաներ ունեցող շահառուները:

Աշխատանքային գործընթացում ներգրավված են ինչպես ընտանեկան բժիշկներ եւ թերապեւտներ, այնպես էլ նեղ մասնագետներ՝ ներզատաբան, սրտաբան, նյարդաբան, հոգեբույժ, հոգեբան:

Կատարվում են նաեւ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ (ուլտրաձայնային հետազոտություն, ԷԿԳ, էխոկարդիոգրաֆիա):

Բուժառուներին տրամադրվում է նաեւ դեղորայք։

Մինչ այսօր մոտ 260 շահառու անցել է թերապեւտի առաջնային հետազոտություն, իսկ մոտ 130 շահառու՝  նեղ մասնագետների զննում։ Ծրագիրն իրականացվում է բացառապես Արարատի մարզում: Անհրաժեշտ բուժօգնությունը շահառուներին տրամադրվում է հենց տեղում՝ տեղափոխության եւ այլ խնդիրներից նրանց զերծ պահելու համար:

Մեկնաբանել