![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողներին ոստիկանները փորձել են ուժով դուրս բերել շենքից: Նրանց, սակայն դա չի հաջողվել: Ոստիկանության գործողությունների հետևանքով ընդհարում է եղել:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում ծնողները մեկ անգամ ևս հայտարարեցին, որ իրենց պահանջը ուժի մեջ է, պայմանը՝ նույնպես: Այսինքն մարզպետարանի մուտքերը կբացվեն միայն այն ժամանակ, երբ Գյումրի կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
«Ոստիկանի հրամանով տեղի ունեցավ էն, ինչը պիտի տեղի չունենար: Եղել է հրաման ոստիկանապետի տեղակալի կողմից, որ մեզի ճզմեն, հրեն, ջարդելով դուրս բերեն: Բայց մենք ներսում ենք, բոլորս ստեղ ենք, և ծնողները, և ոստիկանության աշխատակիցները: Հլը բանակցությունների մեջ ենք:
Հենց մարզպետի ոչ կոմպետենտ պահվածքի հետևանքով է էս ամեն ինչը, մենք էսօր հարց ենք տվել, պահանջ ենք դրել, էդ պահանջը ոչ կատարել է, ոչ էլ մեզի եկել, բան է ըսել: Եկել, հետներս խոսել է, բայց կսե բաներ, որոնք որ բավարար չեն մեր պահանջների համար:
Էլի կսենք, դռները փակ կմնա էնքան ժամանակ, մինչև վարչապետը չգա: Մենք չենք գնա Երևան, շատ ենք գնացել ու անիմաստ տեղը, էսօր ինքը պիտի գա»,- ասաց ծնողներից մեկը:
Ընդհարման հետևանքով լուրջ վնասվածքներ ստացողներ չեն եղել, սակայն լարվածությունից մի քանի կնոջ ինքնազգացողություն վատացել է: Շենքի ներսում են նաև մարզպետ Հովհանես Հարությունյանն ու գրեթե բոլոր աշխատակիցները:
Եթե վարչապետը չգա, կա՞ այլ պայման, որի կատարման դեպքում կբացվի մարզպետարանի մուտքը: Մեր հարցին ի պատասխան ծնողներից մեկն ասաց. «Եթե մեզ հստակ ասեն, թե երբ կգա վարչապետը»:
Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները ժամը 14:00-իս շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը: Աշխատանքային ժամն ավարտվել է, աշխատակիցները, սակայն, շենքից դուրս գալ չեն կարող: