
Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաեւ ներկայացրեց այն իրավական ընթացակարգը, որը հետեւելու է իր հրաժարականից մինչեւ ընտրություններ ընկած ժամանակահատվածում.

«Համաձայն խորհրդարանական ուժերի եւ հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար (հրաժարականի-խմբ.) 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ:
Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, որովհետեւ Սահմանադրության ձեւակերպումները պարտադրում են, որ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի: «Իմ քայլը» խմբակցությունն ինձ չի ընտրի վարչապետ: Երկրորդ անգամ ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ, էլի այլ խմբակցություններից չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի: Ազգային ժողովը իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ հունիսի 20-ին»:
Այնուհետեւ պատասխանելով պատգամավորի հարցին, թե ինչ ռիսկեր է տեսնում այդ հրաժարականի համատեքստում, «որովհետեւ կան ուժեր, որոնք ջանք չեն խնայում, իրենց քաղաքական կամ ոչ քաղաքական նպատակները իրագործելու համար»,- Փաշինյանը նկատեց. «Ինչ վերաբերում է ռիսկերին, որոնք այլ ճանապարհով կգնան եւ ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, դա կլինի քաղաքական ինքնասպանություն: Այդ պարագայում «Իմ քայլը ինձ կընտրի վարչապետ եւ դրանով ամեն ինչ կվերջանա: Կարծում եմ ոչ մեկը ինքնասպանության չի գնա»: