Վայոց ձորի մարզային գրադարանը համալրվել է «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի կողմից նվիրված մանկական գրականության նոր գրքերով:
Վայոց ձորի մարզպետարանի եւ «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի միջեւ համագործակցության արդյունքում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի ղեկավար Վահրամ Կարապետյանի կողմից Վայոց ձորի մարզային գրադարանին է նվիրաբերվել 179 անուն գիրք:
Գրքերի ընդունման արարողակարգին ներկա է եղել Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն, ով շնորհակալություն է հայտնել կենտրոնին համագործակցության համար, նշելով, որ նվիրատվությունը արժեքավոր նվեր է ոչ միայն գրադարանի, այլ ամբողջ մարզի երեխաների համար, եւ վստահեցրել, որ այդ գրքերն իրենց արժանի տեղը կգտնեն նրանց կյանքում:
Մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը նույնպես իր խորին շնորհակալությունը հայտնելով նշեց, որ շուտով ընթերցողների սեղանին կհայտնվի այդքան սպասված գրականությունը, որն անփոխարինելի դեր կխաղա երեխայի զարգացման եւ որպես անհատ ձեւավորման գործում:
Նվիրված գրքերի շարքում ներառված են ինչպես ռուս հայտնի հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ հայ եւ միջազգային գրողների աշխատանքներ՝ ռուսերեն թարգմանությամբ: Գրքերի այս հարուստ շտեմարանում յուրաքանչյուր երեխա կգտնի իր համար ամենասիրելի ստեղծագործությունը: