
Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհվածների եւ անհետ կորածների թվեր ներկայացրեց.
«Այսօրվա դրությամբ մենք ունենք մահվան վկայականով 3621 զոհ եւ 321 անհետ կորած, միեւնույն ժամանակ, ունենք ԴՆԹ հետազոտության ենթակա 201 մարմին կամ մասունք, 100 նույնականացված մարմին, բայց հարազատները տարբեր պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը»:

Փաշինյանն ընդգծեց՝ շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են կամ գերեվարված. «Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտությանը, եւ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում ԴՆԹ հետազոտություն են իրականացնում: Մենք այդպիսի դեպքերում առաջարկում ենք պետության միջոցներով իրականացնել հետազոտությունը, բայց կան դեպքեր, երբ հրաժարվում են, ասում են՝ թողեք, մենք կանենք, որպեսզի ամեն բան լինի մեր վերահսկողության տակ»:
Վարչապետի խոսքով՝ մեր զոհերի թիվը կլինի 4000-ին մոտ: Այնուհետեւ Փաշինյանը խորհրդարանին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: