Երեւանում այսօր՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 11։30-ի սահմանում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղեւորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։
ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։