Գլխավոր Հասարակություն ՀՀ նախագահը չի ստորագրել վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափերը բարձրացնող օրենքը...

ՀՀ նախագահը չի ստորագրել վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափերը բարձրացնող օրենքը եւ դիմել է ՍԴ

0

Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ՀՀ նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին: Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաեւ զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանրապետության նախագահն օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական եւ լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում եւ ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու: Դիտարկվել են նաեւ միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները:

Հանրապետության նախագահը մեծապես կարեւորում է խոսքի եւ կարծիքի ազատությունը եւ մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որեւէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի եւ արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի ազատությունը եւ լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երեւույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։

Ժողովրդավարական հասարակությունում «հանրային հսկիչի» դեր կատարող զանգվածային լրատվության միջոցների՝ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաեւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքները համարվում են առավել պաշտպանված կատեգորիա:

Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաեւ մի շարք միջազգային փաստաթղթերում: Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի եւ դատապարտելի:

Միեւնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված եւ համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության եւ հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար: Օրենքն առերեւույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը եւ դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով:

Մեկնաբանել