Գլխավոր ԵՐԵւԱՆ Նոր ստեղծվող ՆԳՆ-ի մաս են կազմելու Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն ու...

Նոր ստեղծվող ՆԳՆ-ի մաս են կազմելու Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն ու Ոստիկանության զորքերը

0

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին որոշում կայացրեց, ըստ որի՝  առաջարկվում է ՀՀ իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման տվյալներով՝ ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառման բյուջեն կազմում է 25.000.000 դրամ։ Այդուհանդերձ, որոշակի ֆինանսական ներդրումներ կպահանջվեն նաեւ պետական բյուջեից, որն ուղղված է լինելու, մասնավորապես, աշխատավարձերի ու վարձատրությունների վճարմանը:

Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ նախագահը։

Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։

Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։

Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ եւ միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավարին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան նշանակելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ,

Այսպիսով, Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝

–       Ոստիկանություն

–       Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

–       Ոստիկանության զորքեր։

Նախարարության ենթակայությանն է հանձնվելու նաեւ ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետեւյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝

–       Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչություն,

–       Միջազգային համագործակցության վարչություն,

–       Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,

–       Հակակոռուպցիոն վարչություն։

Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետեւյալ աջակցող ստորաբաժանումները՝

–       Իրավաբանական վարչություն,

–       Ֆինանսաբյուջետային վարչություն,

–       Տնտեսական վարչություն,

–       Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,

–       Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն,

–       Գործավարության եւ գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,

–       Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։

Նախարարության նման կառուցվածքի պայմաններում նախատեսվում է ոստիկանության հիմնական մասնագիտական եւ աջակցող ստորաբաժանումների հետեւյալ դասավորությունը.

Ոստիկանության հիմնական մասնագիտական ստորաբաժանումներ

–               Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն,

–               Ոստիկանության զորքերը,

–               Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն,

–               Պետական պահպանության գլխավոր վարչություն,

–               Շտաբ,

–               Օպերատիվ փնտրողական վարչություն,

–               Պարեկային ծառայություն (վարչության իրավունքով),

–               Օպերատիվ կառավարման կենտրոն (վարչության իրավունքով),

–               Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով),

–               Բժշկական վարչություն,

–               Փորձաքրեագիտական վարչություն։

Ոստիկանությանն աջակցող ստորաբաժանումներ եւս կստեղծվեն:

Ոստիկանության համակարգի մաս են կազմում նաեւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համար նախատեսվում է հետեւյալ կառուցվածքը.

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության հիմնական մասնագիտական  ստորաբաժանումներ

  • Ծրագրերի, հսկողության եւ վիճակագրության բաժին,
  • Բնակչության պետական ռեգիստրի վարման եւ սպասարկման բաժին,
  • Քաղաքացիության շնորհման եւ դադարեցման բաժին,
  • Քաղաքացիության պարզման եւ վերադարձի բաժին,
  • Ապաստանի հարցերի բաժին,
  • Վիզաների եւ կացության բաժին,
  • Օտարերկրացիների վերադարձի բաժին,
  • Անձնագրային բաժին։

Միգրացիայի  ու  քաղաքացիության  ծառայության աջակցող ստորաբաժանումներ եւս կստեղծվեն:

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության համակարգի մաս են կազմում նաեւ ծառայության տարածքային ստորաբաժանումները։

Մեկնաբանել