
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի դիմաց մահացու վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց: