Գլխավոր Մարզեր Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին մայրաքաղաքին եւ մարզերին կտրամադրվի 300.000 տնկի

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին մայրաքաղաքին եւ մարզերին կտրամադրվի 300.000 տնկի

0

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների եւ Երեւանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաեւ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։

Քննարկվել են Երեւան քաղաքում եւ մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային եւ տեխնիկական  ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով ներկաներին, նախարարը նախ ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն  առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։

Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․

100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի եւ ընկուզենի հատկացնել Երեւանի քաղաքապետարանին եւ հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,

200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը ներկայացրել է նախատեսված տնկանյութի բաշխումն ըստ մարզերի․

Ք․ Երեւան – 25.000

Արագածոտնի մարզ – 7000,

Արարտի մարզ- 7000,

Արմավիրի մարզ – 6000,

Գեղարքունիքի մարզ –8000,

Կոտայքի մարզ – 10.000,

Լոռու մարզ-7000,

Շիրակի մարզ – 10.000,

Սյունիքի մարզ – 7000,

Տավուշի մարզ – 6000,

Վայոց ձորի մարզ – 7000։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը ներկայացրել է տնկվող ծառատեսակները՝ կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի, խնձորենի եւ տնկման համար նախատեսված տարածքներն ըստ հեկտարների։ Նա տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստ են օժանդակել տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։

Քննարկվել են նաեւ տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։

Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը՝ ծառատունկի անցկացման վայրերի եւ մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային եւ անտառային տունկի համակարգողների կոնտակտները։

Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝  info@forestcommittee.am,  հեռ․՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։

Մեկնաբանել