
Մայրության եւ գեղեցկության տոնի շրջանակներում Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) աշխատակիցները ապրիլի 13-ին հրավիրվել էին Արցախից տեղահանված ընտանիքներիn հյուրընկալած Մեծամոր համայնք՝ մասնակցելու N 1 հիմնական դպրոցի սաների գարնանային հանդեսին:
Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետը, Արմավիրի մարզպետարանի, ՄԱԿ ՓԳՀ-ի եւ մի շարք համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ։

Այժմ դպրոցում ուսանում է շուրջ 40 արցախցի աշակերտ․ դպրոցը ջերմորեն ընդունել եւ հոգատարություն է ցուցաբերում նրանց նկատմամբ։ Հավասարապես ներգրավելով տեղացի եւ տեղահանված սովորողներին՝ դպրոցը հաճախ նախաձեռնում է տարբեր արտադասարանական եւ ժամանցային միջոցառումներ, որպեսզի տեղահանված երեխաները հաջողությամբ հարմարվեն նոր դպրոցին ու համայնքային միջավայրին, ինչպես նաեւ սահուն ու արդյունավետ ձեւով ներգրավվեն ուսումնական գործընթացում։
Մայրության եւ գեղեցկության տոնի նախապատրաստումն ու բուն միջոցառումն օգնեցին երեխաներին՝ ընկերանալ միմյանց հետ, անկաշկանդ ներկայացնել արվեստում իրենց կարողությունները եւ արտահայտել իրենց նվիրվածությունը հյուրընկալող համայնքին՝ Մեծամորին:
Միջոցառման ավարտին ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին՝ գեղեցիկ համերգի համար։ Նրանք բարձր գնահատեցին Մեծամորի հյուրընկալ համայնքի ջանքերը՝ ուղղված Արցախից տեղահանված ընտանիքների բարօրության ապահովմանը, ինչպես նաեւ ընդգծեցին տեղական իշխանությունների, համայնքահեն եւ միջազգային կազմակերպությունների օպերատիվ աշխատանքը, ցուցաբերվող մարդասիրական աջակցությունն ու ամենօրյա ուշադրությունը Արցախից տեղահանված եւ Մեծամորում հյուրընկալված ընտանիքներին։
Երախտիքի խոսքով հանդես եկան նաեւ Արցախից տեղահանված աշակերտների մայրիկները․ նրանք կարեւորեցին դպրոցի դերն ու նվիրվածությունը արցախցի երեխաներին, նրանց անամպ մանկությունը, ուսումն ու ժամանցը Մեծամորի հյուրընկալ համայնքում ապահովելու համար։