
Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Եղվարդ քաղաքում բնակվող 35-ամյա մի քաղաքացի ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Նոր Նորք վարչական շրջանում իր նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժանմունքի պետ Մերուժան Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են, որ ահազանգը եղել է Նոր Նորքի 5-րդ զանգվածից եւ հասնելով դեպքի վայր, այդ տղամարդը հայտնել է, որ ավազակային հարձակումը տեղի է ունեցել դեպի 8-րդ զանգված տանող հատվածում։ Քրեական հետախույզները տաք հետքերով պարզել են, որ այդ քաղաքացու ասածը իրականությանը չի համապատասխանում, ոչ մի ավազակային հարձակում տեղի չի ունեցել:

Նրա հայտնած տեղեկությունը, որ իրենից հափշտակել են մի քանի հարյուր հազար դրամ՝ փուչ է: Այդ տղամարդը աշխատում է Երեւանում գործող հանրահայտ գրախանութներից մեկում՝ որպես առաքիչ եւ կեղծ ահագանգ է տվել, քանի որ իր կողմից կատարված առաքումներից կուտակված գումարը ինքը «քամուն է տվել»:
Նրա կողմից առաքումների մեջ մեծ թիվ են կազմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքերը: Նախաքննության շահերից ելնելով՝ այդ տղամարդու տվյալներն ու աշխատանքի վայրը չի նշվում։