Գլխավոր Հասարակություն Հայաստանի ԱԺ–ում հանդիպման ընթացքում արցախցի պաշտոնյան ազատվել է աշխատանքից

Հայաստանի ԱԺ–ում հանդիպման ընթացքում արցախցի պաշտոնյան ազատվել է աշխատանքից

0

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 19–ին, ռազմագերիների թեմայով քննարկմանը մասնակցելուց հետո Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը տեղեկացել է, որ աշխատանքից ազատվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը՝ նշելով, որ իր համար այդ որոշումն անակնկալ է եղել։

«Երբ ես ավարտեցի լրագրողների հետ ճեպազրույցը, ինձ տեղեկացրեցին, որ մինչ ես ԱԺ–ում էի, որոշում է կայացվել ինձ հեռացնել աշխատանքից։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, դա նախագահի որոշումն է»,– ասաց Ավագյանը՝ հավելելով, որ իրեն այդ մասին տեղեկացրել է նախ Արցախի ԱԺ նախագահը, ապա Ներքին գործերի նախարարը, որն էլ իր հերթին ասել է, որ Ավագյանը պետք է հանձնի զենքը, վկայականը, համազգեստը։

Նշենք, որ ժամեր առաջ էլ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի՝ լրատվամիջոցների հետ ունեցած շփումները, «Արցախպրեսի» հետ զրույցում ասել էր, որ Բորիս Ավագյանը որեւէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում եւ չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:

«Դեռեւս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ նշել էի, որ նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի եւ որեւէ այլ պետական մարմնի հետ առնչվող որեւէ կարգավիճակով»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։

Ուշագրավ է, որ Բորիս Ավագյանի՝ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից ազատվելու մասին նախկինում չէր հայտարարվել։ Ավելին, մարտի 12–ին, երբ նա նշանակվել էր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ, հաղորդագրության մեջ ասվում էր, որ Բորիս Ավագյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն է։

«Նա կշարունակի մնալ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ եւ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները»,– ասվում էր հաղորդագրության  մեջ։

Ըստ Բորիս Ավագյանի՝ իրեն  աշխատանքից ազատելու պատճառների մասին չի նշվել, ինքն էլ չի հետաքրքրվել՝ համարելով դա Արցախի նախագահի իրավունքը։

«Ես չեմ ուզում ինչ–որ բաներ մտածել։ Հրամանին ծանոթանալուց հետո կհասկանամ ազատման հիմքերը, բայց ինձ համար անակնկալ էր, որ հենց ԱԺ–ից դուրս եկա, ինձ տեղեկացրեցին, որ որոշում կա ինձ աշխատանքից ազատելու։ Ես այդ աշխատանքը դիտում էի որպես ծառայություն Արցախի Հանրապետությանը։ Եթե Արցախի նախագահի  կարծիքով ես այլեւս այդտեղ պետք չեմ, ապա խնդիր չեմ տեսնում, ուրեմն իմ ծառայությունները պետք չեն»,– ասաց նա։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ–ում ռազմագերիների հարցող քննարկման ժամանակ Բորիս Ավագյանը այս թեմայի առնչությամբ սուր քննադատություն էր հնչեցրել «Իմ քայլի» պատգամավորների հասցեին՝ նրանց անվանելով ոչ կոմպետենտ, նշելով, որ նրանք անթույլատրելի վարք են դրսեւորում՝ շահարկելով գերիների խնդիրը։

Քիչ առաջ ԱՀ ԱԻՊԾ–ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց Ավագյանի պաշտոնանկության վերաբերյալ, որում ասվում է. «Երեւան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի եւ ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը եւ խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաեւ չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը եւ պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Բորիս Ավագյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին նշանակվել էր մարտի 12–ին։ Նա այդ պաշտոնում նշանակվելու առաջարկը ստացել էր Արցախի նախագահի կողմից։

Հիշեցնենք նաեւ, որ դեռ մարտ ամսին, Բորիս Ավագյանը հայտարարել էր, որ Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված ՊԲ-ի պաշտպանական տարածքները։

Այս հայտարարությունից հետո, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել էր, որ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը:

Ավելի վաղ ՀԱԼՈ Թրաստ կազմակերպությունը եւս  հերքել էր այդ լուրերը։

 

Մեկնաբանել