Գլխավոր ԵՐԵւԱՆ Հստակեցումներ հուղարկավորությունների կազմակերպման հարցում. նախագծում հստակեցվում են «գերեզմանի շահագործող» եւ «մահացածի հարազատներ»...

Հստակեցումներ հուղարկավորությունների կազմակերպման հարցում. նախագծում հստակեցվում են «գերեզմանի շահագործող» եւ «մահացածի հարազատներ» հասկացությունները

0

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 80 կողմ, 1 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած՝ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով հստակեցվում է «մահացածի հարազատներ» հասկացությունը: Ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ՝ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջինների համար՝ նաեւ փեսան եւ հարսը:

Առաջարկվում է սահմանել նաեւ «գերեզմանի շահագործող» հասկացությունը, որը նախագծով այն անձն է, որի անվամբ գրանցված է գերեզմանատեղը, եւ դրա հիման վրա էլ տրվել է գերեզմանատեղի վկայական: Գերեզման շահագործողը պատասխանատվություն է կրելու իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման եւ շահագործման համար:

Նախագծով առաջարկվում է մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար տրամադրել 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար գերեզման շահագործողին անվճար հիմունքներով տրամադրել մինչեւ 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×5մետր չափերով):

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ին եւ վերաբերելու է նոր ստեղծվող գերեզմաններին։

Մեկնաբանել