Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը....

Մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը. ՊՆ-ն՝ աղմկոտ պատմության մասին

0

Ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը, ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նշվածը իրականության հետ որեւէ աղերս չունի՝ մանրամասնելով.

Իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:

Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:

«Զոհված զինծառայողների պարգեւների հանձնման գործընթացը շարունակական է եւ այն իրականացվում է ոչ միայն զորամաս եւ ավելի բարձր օղակների հրամկազմի, այլեւ անմիջական հրամանատարների եւ մարտական ընկերների մասնակցությամբ:

Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները եւ զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեկվանից լրատվամիջոցներում ու համացանցում լայնորեն քննարկվում է վերը նշված օգտատիրոջ գրառումն այն մասին, որ զինվորին հետմահու շնորհված մեդալը վերջինիս հորն է հանձնել տաքսու վարորդը՝ տոպրակով փոխանցելով ու նշելով, որ ինքը մեղք չունի, մի շարք մեդալներեն տվել իրեն ու պատվիրել տանել հասցեներով:

Մեկնաբանել