Չնայած Հանրապետության նախագահի կողմից «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» չստորագրմանը, իշխանությունները կհասցնեն առաջիկա արտահերթ ընտրությունները կազմակերպել այդ փոփոխությունների հիման վրա, ասել է թե՝ առանց ռեյտինգային ընտրակարգի, միայն համամասնական ցուցակներով:
Երեկ ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ընտրական փորձագետ Դանիել Իոաննիսյանը: Համադրելով ժամկետները՝ վերջինս ասաց, որ եթե նախագահը չի ստորագրում օրենքը, ընդունումից 21 օր հետո այն կարող է ստորագրել ԱԺ նախագահը: «Հանրապետության նախագահը ստացել է «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը» ապրիլի 2-ին, 21 օրը լրանում է ապրիլի 23-ին: Այսինքն շատ շուտով արդեն Ազգային ժողովի նախագահը կստորագրի այդ փոփոխությունները, դրանք կմտնեն ուժի մեջ: Այլեւս անայլընտրանք է դառնում այն, որ գալիք Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով»,- ասաց Իոաննիսյանը:
Դրանց ուժի մեջ մտնելուց հետո հունիսին 20-ին սպասվող ընտրություններին քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում բացի կուսակցություններից ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված որեւէ թեկնածուի։
Դանիել Իոաննիսյանի համոզմամբ, սակայն, ժամկետների խնդիր կարող է առաջանալ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մեծ փաթեթի դեպքում: Այդ փաթեթում, ինչպես հայտնի է, ներառված է նաեւ անցողիկ շեմի փոփոխություն, բոնուսային համակարգի պարզեցում, կոալիցիաներ կազմելու դրույթների փոփոխում եւ այսպես շարունակ: Այս ամենի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը հայցել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, եւ արձագանքը սպասվում է այսօր կամ վաղը:
«Եթե Ազգային ժողովը դրանք ընդունի ապրիլի 26-ին կամ 27-ին եւ նախագահը 21 օր սպասացնի, 22-րդ օրը իր չստորագրելու հիմքով Ազգային ժողովի նախագահը ստորագրի, դա համարյա կհասնի մայիսի 20-ի կողմերը, երբ որ արդեն ընտրություններ նշանակված կլինեն: Եվ ընտրությունների նշանակումից հետո չի կարող այլեւս օրենսգիրք փոխվել: Այս առումով շատ կարեւոր է, որ Հանրապետության նախագահը ստորագրի փոփոխությունները նախքան Ազգային ժողովի ընտրությունները նշանակվելը»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ փաթեթում շատ կարեւոր կարգավորումներ կան, որոնք կնպաստեն, որ մենք ունենանք նախորդ ընտրությունների որակից դրական առումով տարբեր ընտրություններ:
Հավանաբար հաջորդ շաբաթ արդեն այդ մեծ փաթեթը քննարկման կդրվի ԱԺ-ում: Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է այս կարճ ժամանակահատվածում ընդունել նաեւ այդ փոփոխությունները, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց` հավանաբար արագացված ռեժիմով կքննարկեն առաջարկվող փոփոխությունները։ Սակայն նույնիսկ այդ պարագայում հնարավոր է որոշ դրույթներ չհասցնեն կիրառել սպասվող ընտրություններում:
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք նախատեսում էինք դա ապրիլի 13-ի լիագումար նիստին ընդունել, բայց ԸՕ փոփփոխությունների նախագծի նախագահի կողմից ստորագրված չլինելը ստիպեց մեզ հետաձգել դա»,- ասաց Դանիելյանը:
Հարցին՝ ընտրությունները չե՞ն հետաձգվի, Համազասպ Դանիելյանը պատասխանեց. «Ոչ, ամենեւին: Եթե կուզեք իմանալ, մենք այդ բաղադրիչը (ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը) մեծ փաթեթից առանձնացրեցինք՝ հենց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ռիսկ կա, որ նախագահը կարող է չստորագրել, որ բավարար ժամանակ լինի այն ուժի մեջ մտնելու համար: Միայն այդ մասը առանձնացրինք, որովհետեւ դրա սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն չէր լինի, եւ նաեւ դա ավելի վաղ արեցինք որպես առանցքային խաղի կանոն, որպեսզի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը նախապես իմանան, թե ինչպես են այդ ընտրությունները անցկացվելու»:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։