
Ապրիլի 19-ի մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համատեղ այցը Սյունիքի մարզ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզի Խնածախում առաջնային հարցն է գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումը, որ ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարեւանությամբ հայտնվելուց պատճառով: Գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության եւ կենսական կարեւորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ:

Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության եւ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաեւ երեխաների լավագույն շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:
Խնածախում բնակիչների հետ քննարկվեցին նաեւ նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքներին, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցությանը, երեխաների իրավունքների հարցեր, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ եւ դպրոց երեխաների հաճախելու, նրանց կրթության հետ եւ այլն:
Գորիս քաղաքում Հանրապետության նախագահի եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ տեղի ունեցան համատեղ քննարկումներ Գորիս համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ եւ գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները:
Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որեւէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս:
Կարեւոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում առկա է անորոշություն ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները:
Հետեւաբար, ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:
ՀՀ նախագահի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները եւ ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ: