Գլոբալ ջերմաստիճանը ջերմոցային գազերի արտանետումների պատճառով ներկայում աճում է վատթարագույն սցենարով: Նման տեմպերով շարունակվելու դեպքում առաջիկա տարիներին այն կարող է հասնել այն մակարդակին, որը դիտվել է Երկիր մոլորակի վրա 35 միլիոն տարի առաջ՝ Պալեոցենյան դարաշրջանում:
Նման տեսակետ է հայտնել ՌԴ գիտությունների ակադեմիայի մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, կլիմայագետ Ալեքսանդր Չեռնոկուլսկին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ այս ժամանակաշրջանում Երկրի վրա հայտնվել են սմբակավորների, կոնդիլարտորների (գետաձիու «նախահայրը»), բրդաթևների և ճահճային կաթնասունների նախնիները, իսկ էոցենի սկզբում՝ ժամանակակից կենդանատեսակների շատ ներկայացուցիչներ: Այդ ժամանակ առաջացել են նաև ավելի բարձր մարդաբանական պրիմատները: Երկրային ձևերը հասել են իրենց առավելագույն չափերին, հայտնվել են հսկա ռնգեղջյուրներ: Ոսկորային ձկները նվաճել են բոլոր ծովային և քաղցրահամ ջրերը:
«Մարդածին ջերմոցային գազերի արտանետումների քանակը չի նվազում: Նման ցուցանիշների շարունակականության պարագայում Երկիր մոլորակի ջերմաստիճանը կարժ ժամանակ անց կվերադառնա այն ջերմաստիճանին, որը նկատվել է մոտ 35 միլիոն տարի առաջ»,- ասել է կլիմայագետը և պարզաբանել, որ գլոբալ ջերմաստիճանը կլիմայական ցուցանիշներից մեկն է միայն, հետևաբար չի կարելի պնդել, որ Երկրի վրա դարձյալ հսկայական չափերի հասնող ռնգեղջյուրներ կհայտնվեն:
«Ամբողջ համակարգն այն ժամանակ տարբեր էր: Բուսականությունը բոլորովին այլ էր, մայրցամաքներն այլ կերպ էին տեղակայված: Շատ սառցադաշտեր չկային, օվկիանոսի մակարդակն ուրիշ էր, իսկ մթնոլորտի քիմիական կազմը՝ այլ», – ասել է Չեռնոկուլսկին: