Լուսացնում եմ Կապան-Երեւան ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երեւան, ընդ որում՝ Երեւան բերելու տեղեկությունը սեփական միջոցներով ենք հայթայթել։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։
Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետեւանքով մարդամեկը հոգեւարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն եւ գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:
Ոստիկանությունում իրենց ասել են, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված՝ որեւէ գործողություն չի կատարվում: Ավելի ուշ Պապոյանը եւս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:
«Մեզ հավաստիացրին, որ, նորից եմ կրկնում, Մխիթար Զաքարյանի հետ կապված այս պահին որեւէ գործողություն չկա կատարելու, մենք Մխիթար Զաքարյանի հետ այս պահին ուղեւորվում ենք իր բնակության վայր, եւ հուսով ենք, որ գործողություն լինելուն պես մեզ կտեղեկացնեն սահմանված կարգով»,- ասել է փաստաբանը: