Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում որոշում կայացրեց 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից ԱԻՆ-ին հատկացնել 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար:
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի փետրվարիի 4-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման պահանջներից:
Ծառայությունը մատուցվելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության (թվով 10 հազար շահառու) հոգեբանական վերականգնումը:
Նախարարը ընդգծեց, որ այս ծառայությունները մատուցվելու են հասարակության բոլոր խավերին՝ առանց սահմանափակումների, սակայն առաջնահերթությունը տրվելու է զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքներին: