ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների վերաբերյալ շահարկումներ կան, թե իբր պարգեւավճար է վճարվել դրանով:
«Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար Կառավարությունն իրականացրել է շուրջ 120 մլրդ դրամի հատկացում, այդ 120 մլրդ դրամից 52 մլրդ դրամն է, որ հատկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Նաեւ ուզում եմ ընդգծել, որ մարտի 15-ին տեղի ունեցած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ես ներկայացրել եմ ծախսերի բացվածքը, որի արդյունքում հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել»,- ասաց վարչապետը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին եւ ասաց, որ 1992 թվականից մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր համահայկական հիմնադրամի միջոցով հանգանակվել է 247 մլն դոլար. «Այսինքն 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 մլն դոլար Հայաստանում եւ Արցախում ծրագրեր իրականացնելու համար: 44-օրյա պատերազմի ընթացքում հանգանակվել է 212 մլն դոլար: Այսինքն՝ ըստ էության 44 օրում հանգանակվել է 28 տարվա հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար»:
Վարչապետը հիշեցրեց, որ վերջերս որոշում են կայացրել, որ համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում 110 մլրդ դրամի ենթակառուցվածքային եւ բնակարանաշինության ծրագիր կիրականացնեն 3 տարվա ընթացքում, ինչը հիմնադրամի ստեղծման օրից Արցախում իրականացված բոլոր ծրագրերից ավելի մեծ ծրագիր կլինի. «Այսինքն 3 տարվա ընթացքում Արցախում կիրականացվի ավելի մեծ ծրագիր, քան իրականացվել է համահայկական հիմնադրամի ստեղծման օրից՝ 29 տարվա ընթացքում»:
Գործադիրի ղեկավարն ասաց, որ ԱԺ-ում բյուջեի կատարման մասին հաշվետվության ժամանակ մանրամասն՝ դռնփակ ռեժիմով պետք է տող առ տող ներկայացվի, թե 120 մլրդ դրամը ինչի վրա է ծախսվել, որպեսզի այս թեման վերջնականապես փակվի, եթե դեռեւս փակված չէ: