Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այժմ ընթանում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։
Հովսեփյանը ձերբակալվել էր երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։ Փաստաբանը բողոքարկել է Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշումը, որը մակագրվել է դատավոր Բալայանին։
Սյունիք կատարած Փաշինյանի այցի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել են 16 քաղաքացիներ, Հովսեփյանից բացի ձերբակալված են նաեւ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, փոխհամայնքապետ Արմեն Սամվելյանը։
Հիշեցնենք՝ Գորիսից բերման ենթարկվելուց հետո տևական ժամանակ ոչ ոք տեղեկություններ չուներ Հովսեփյանից, անգամ ընտանիքի անդամները։
Հետո արդեն Հովսեփյանի պաշտպանը հայտնել էր, որ փոխհամայնքապետին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել:
Որոշման մասին դատարանը տեղյակ կպահի մոտ կես ժամից։