Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքի թիվ 1 ավագ դպրոցում բացվել է «Արմաթ» լաբորատորիա: Հերթական լաբորատորիայի բացման առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը, միության ներկայացուցիչներ, հյուրեր:
Եղվարդի թիվ 1 դպրոցում ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է միասնական դրամահավաքի շնորհիվ, որը նախաձեռնել էր ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու, ծնունդով Եղվարդից Աննա Դանիելյանը։ Ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում: Սրանք ծրագրի փուլային առաջնահերթություններն են:
Նշենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը:
Այս աշխատանոցներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործում են շուրջ 575 աշխատանոցներ, որոնց թիվը շարունակում է լրացվել:
Նշենք, որ այս պահին Կոտայքի մարզում գործում են ավելի քան 30 «Արմաթ» լաբորատորիաներ: