Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 11.02.2021թ. զգուշացումը: Հայցը ներկայացվել է ապրիլի 22-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին:
«Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Միքայել Վարդգեսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պապիկյանի կողմից ընկերությանը զգուշացում էր ուղարկվել այն մասին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, ի հեճուկս նախարարության պահանջի, չէր ներկայացրել իրական սեփականատիրոջ, մասնավորապես՝ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի վերաբերյալ տեղեկատվություն:
«Հայցի հիմքը հետեւյալն է՝ ուղարկված զգուշացումը, որը վարչական ակտ է ենթադրում, իրավական խնդիրներ ունի եւ հակասում է թե՛ վարչական վարույթի մասին օրենքին, թե՛ զուրկ է իրավական որոշակիությունից»,- ներկայացրեց ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ պատճառով պահանջում են անվավեր ճանաչել զգուշացումը:
Վարդգեսյանը նշեց, որ իրական սեփականատեր եզրույթը, որը կիրառվում է ընկերության գլխավոր տնօրենի նկատմամբ, խնդրահարույց է:
Ըստ նրա՝ այս դեպքում ընկերությունից պահանջում են տեղեկություններ գլխավոր տնօրենի վերաբերյալ, քանի որ օրենքում նախատեսված է, որ ընկերության իրական սեփականատեր է նաեւ գլխավոր տնօրենը. «Բայց ընկերության տնօրենը սեփականատեր չէ, շահառու չէ, նա ընդամենը ընկերության աշխատակից է»,- ասաց Վարդգեսյանը: