Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը Սյունիքի մարզում է:
ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի տնօրենի եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի եւ Ագարակի դպրոցների կողմից ներկայացված դրամաշնորհային, ինչպես նաեւ տնային տնտեսությունների կողմից ներկայացված փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հաղթող հայտատուներին դրամաշնորհներ են հանձնվում։
Տնային տնտեսությունների կողմից ներկայացված փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի համար սահմանված են մինչեւ 700․000 ՀՀ դրամ։
Ներկայացվել են հայրուրավոր ծրագրեր՝ անասնապահությունից մինչեւ այգեգործություն, ջերմոցային տնտեսություններից մինչեւ մեղվապահություն։
Ծրագրերը գնահատվել են գնահատող աշխատանքային խմբի կողմից, որի կազմում եղել են Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, կրթական, գիտական, հասարակական եւ այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետներ, ինչպես նաեւ անկախ փորձագետներ։
Նշվում է, որ Մեղրի եւ Ագարակ քաղաքներից 181 տնային տնտեսություններից ստացվել էին բիզնես-ծրագեր, որոնցից ֆինանսական աջակցություն են ստացել 79-ը։
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների եւ պահպանվող տարածքների կառավարման , ինչպես նաեւ հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
Ծրագրի նպատակն է նաեւ երկարաժամկետ կտրվածքով նպաստել հարավային Կովկասի կենսաբազմազանության պահպանմանը՝ առանց բացասական ազդեցություն թողնելու գյուղական համայքների բնակչության եկամտի եւ կենսամակարդակի վրա: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում: