Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ և ներկայացրել ՊԵԿ առաջարկը` մասնակցելու նրանց զբաղվածության հարցի լուծմանը:
Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել են զինվորների բուժման ընթացքը և ընդգծել, որ վերականգնողական սարքերով հագեցած կենտրոնն իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի է։ Բուժօգնությունից մինչև հոգեբանական աջակցություն` բոլոր ծառայությունները, նաև կեցությունն ու որակյալ սնունդը զինվորական հաշմանդամություն ունեցողների համար անվճար են:
«Զինվորի տանն» ապահովվում է նաև հայրենիքի նվիրյալների ժամանցը, կազմակերպվում են ուսումնական ծրագրեր` նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը լուծելու համար: Այս գործում իր ներդրումն է ունենալու նաև Պետական եկամուտների կոմիտեն:
Զինվորների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է հայրենիքի պաշտպանների համար անվճար դասընթացներ կազմակերպել կոմիտեի ուումնական կենտրոնում` հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:
ՊԵԿ նախագահի դիտարկմամբ` զինվորների համար առավել հարմար տարբերակ կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չենթադրող տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային ձևակերպման ոլորտում աշխատանքը: Բայց ուղղություններն այդքանով չեն սահմանափակվում. ՊԵԿ ուսումնական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կհստակեցվեն անհրաժեշտ ուսումնական ծրագրերը` կախված մասնակիցների կրթությունից, նախընտրություններից և ընդունակություններից:
«Յուրաքանչյուրիս պարտքն է զինվորների կատարած սխրանքի, հերոսության համար որևէ օժանդակությամբ վարձահատույց լինել: Անձամբ իմ և համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում հերոսներին, առողջություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությունը կամրագրվի ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ հուշագրի կնքմամբ: Կոմիտեի ղեկավարը ուսումնական կենտրոնի պատասխանատուին հանձնարարել է կարճ ժամանակում գործնական քայլեր կատարել զինվորների ուսումնական ծրագիրը կազմակերպելու և ՊԵԿ համակարգում աշխատանքի նախապատրաստելու համար:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին