Դեռ 2019թ-ի դեկտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետն ու այլ պաշտոնատար անձինք, քննարկվել էր Վանաձորի զարգացման ծրագիրը: Վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ պատասխանատուները զեկուցել էին, որ նախատեսում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր. «Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում»,-նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նույն հաղորդագրության մեջ նաեւ ասված էր. «Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում են նաև իրականացնել ճոպանուղու կառուցում, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում հիմնել հանգստի գոտի՝ հյուրանոցային և մարզական համալիրներով, ջրային ատրակցիոններով ու համերգասրահով….:
Վարչապետը կարևորել էր վերը նշված փողոցների հիմնորորգման ծրագիրը և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել ներկայացնել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մյուս ծրագրերի իրականացման հնարավորությունները պետք է քննարկել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է այդ ուղղությամբ քննարկումներ սկսել պոտենցիալ գործընկերների հետ, մշակել բիզնես պլան և ըստ այդմ շարժվել առաջ»,-նշված էր հաղորդագրության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես կարդում ենք պաշտոնական հաղորդագրության մեջ , ճանապարհների հիմնանորոգման հետ կապված հարցերը կարեւորել էր. «Վերը նշված փողոցների հիմնորորգման ծրագիրը և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել ներկայացնել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր»:
Խորհրդակցությունից անցել է ավելի քան 1 տարի, սակայն այդպես էլ նշված փողոցներից եւ ոչ մեկը այս ընթացքում չի հիմնանորոգվել: Marzer.am-ի տեղեկություններով՝ այս պահին էլ որեւէ լուրջ քայլեր ճանապարհների հիմնանորոգման մասով չեն արվում:
Ոչինչ չի փոխվել նաեւ «Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսված» ճոպանուղու կառուցման, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում:
Ստացվում է՝ վարչապետի տրված տարեւերջյան խոստումը, որն իշխանական վերնախավը, նախկին մարզպետն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ամիսներ շարունակ թմբկահարում էին, մինչ օրս չի կատարվել: Հետաքրքիր է՝ թմբկահարող իշխանավորներից քանիսն են այս ընթացքում վարչապետից ու ՏԿԵ նախարարից հետաքրքրվել վարչապետի կողմից կարեւորված խնդրի լուծման հանձնարարականը չկատարելու պատճառների մասին:
Իսկ վանաձորցիներին մնում է զինվել համբերությամբ ու սպասել գոնե համայնքային բյուջեյով իրականացվող փոսային նորոգումներին: Կամ էլ՝ բոլոր հանձնարարականները կյանքի կկոչվեն ընտրություններից օր առաջ:
Է.Ա.
Marzer.am