Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ֆուտբոլի դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ արձակողը ներկայացել է Ոստիկանություն՝ հանձնելով նաեւ հրացանը

Ֆուտբոլի դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ արձակողը ներկայացել է Ոստիկանություն՝ հանձնելով նաեւ հրացանը

0

Ապրիլի 22-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 33-ամյա Վարշամ Հովսեփյանը, ով կասկածվում է ապրիլի 18-ին Թումանյան քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ խուլիգանություն կատարելու, իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ օդ կրակելու մեջ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վ. Հովսեփյանը ոստիկաններին է ներկայացրել նաեւ իր հանգուցյալ պապու անվամբ հաշվառված 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը։

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Վ. Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ապրիլի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 13։00-ի սահմաններում Թումանյան քաղաքի (նախկին Ձաղիձոր գյուղ) մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ էին հնչել։

Թումանյանի ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ Թումանյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Վարշամ Հովսեփյանը անհիմն վիճաբանել էր առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ (ինքնությունները պարզվում էին), ցավագին ընդունել ներկաների դիտողությունները եւ դրսեւորելով ցինիզմ, ինչպես նաեւ իր անձի առավելությունը ցուցաբերալու նպատակով տարբեր անձանց հասցեներին մոտ 20 րոպե տեւողությամբ բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո կարճ ժամանակով հեռացել եւ նորից վերադարձել էր մարզադաշտ, ձեռքին գտնվող երկփողանի որսորդական հրացանով 2 անգամ կրակել օդ, այդ կերպ ֆուտբոլի առաջնության մասնակից անձանց նկատմամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսեւորել բացահայտ անհարգալից վերաբերմունք եւ հեռացել:

Պարզվել էր՝ դեպքին ականատես էին եղել Թումանյան քաղաքի մի խումբ բնակիչներ։ Պարզվել էր նաեւ, որ Վ. Հովսեփյանը միջադեպի ժամանակ սպառնալիքներ էր հնչեցրել ներկաների հասցեին, որ չհեռանան՝ որ հետ է վերադառնալու եւ սպանի բոլորին։

Մեկնաբանել