Գլխավոր Без рубрики Լոռու մարզպետ Արամ խաչատրյանի ուղերձը Հայոց ցեղասպանության Զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ խաչատրյանի ուղերձը Հայոց ցեղասպանության Զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

0
Սիրելի՛ լոռեցիներ
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին:
Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր, անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը, իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում վառ պահելով հայի ինքնությունը:
Մենք այսօր ու ամենայն օր վերհիշում ենք նաև մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքները: Ապրիլի 24-ը, սակայն, մեզ համար ոչ միայն անմեղ նահատակների հիշատակության, այլև սթափության օր է: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորիս համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում բացառելու համար:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել ցեղասպանության փաստն ընդունած և դատապարտած բոլոր պետություններին, միջազգային կառույցներին, առաջադեմ մարդկությանը, միջազգային հանրությանը:
Մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ գալու է արդարացի հատուցման պահը:
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ վկայում ենք, որ մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած և վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել՝ զարգացնելու և հզորացնելու մեր հայրենիքը:

Մեկնաբանել