

Խաչքարի բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը, մարզային, համայնքային ու հոգևոր դասի ներկայացուցիչներ, տղաների հարազատներն ու բազմաթիվ գոգարանցիներ:

Ողջունելով, մխիթարանքի և ոգեկոչման խոսք հղելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց.
-Արցախյան պատերազմում հերոսաբար նահատկված մեր եղբայրները իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին, խոնարհումս բոլո՛ր ժամանակների ընկածներին:
Պատերազմը մեզնից շատ բան խլեց, բայց և պարտավորեցրեց՝ այսօր, առավել քան երբևէ, պետք է զգոն լինենք, կրթենք ու դասիարակենք այնպիսի՛ հզոր սերունդ, որ վաղը կկարողանա կերտել նահատակված մեր եղբայրների՛, մեր որդիների՛ երազած երկրի ապագան: Խոնարհվում եմ տղաների հիշատակի առջև, խոնարհվում եմ նրանց ընտանիքի առջև, հավերժ փա՛ռք ընկածներին:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին խաչքարին, գլուխ խոնարհեցին։ Գոգարանի դպրոցի սաները հանդես եկան հայ զինվորին ու հայրենիքին նվիրված շնորհակալանքի ու նվիրումի խոսքերով։

Ադամ և Արամ Այվազյանները ապրել են Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել էին՝ հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելու: Ցավոք, 44 -օրյա պատերազմը խլեց տղաների կյանքը. Ադամը զոհվել է նոյեմբերի 9-ին՝ Մատաղիսի պաշտպանության, Արամը՝ հոկտեմբերի 18-ին՝ Ջաբրայիլի պաշտպանության մարտերում: