Այսօր Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետը, Արենի համայնքի ղեկավարը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը, ՀՀ քննչական կոմիտեի ՎՁՄ քննչական վարչության պետը և այլ հյուրեր:
Մերօրյա հերոսներին նվիրված միջոցառումն ազդարարվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով և հարգանքի տուրքով:
Գեղարվեստական հուշ-ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրեցին զոհված զինծառայողների մասին պատմություններ, ինչպես նաև հերոսների անցած մարտական ուղին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հիշատակի և խոնարհման խոսքեր հնչեցրեց հայրենապաշտ ու հավերժի ճամփորդ հերոսների հիշատակին:
<Խոնարհվում եմ հերոս ծնած մայրերի առջև, ովքեր դաստիարակել են այսօրվա սերնդի համար օրինակելի զավակներ:
Մեր վերքերը դեռ թարմ են, սակայն պետք է առաջ շարժվենք, չպետք է հուսահատվենք և հիասթափվենք, քանի որ ունենք արժանի սերունդ, ովքեր մեր նահատակված որդիների գործը շարունակողն են լինելու>,- նշեց Արարատ Գրիգորյանը:
Միջոցառմանը հաջորդեց Աղավնաձորի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում զոհված զինծառայողներին նվիրված հուշաքարի բացման արարողությունը, որը տեղադրվել է աղավնաձորի բնակիչ, սպա Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ աղավնաձորցի անմահ հերոսներ Վահե Խաչատրյանի, Կարեն Կարապետյանի, Հրայր Խաչատրյանի, Տիգրան Պողոսյանի:
Այնուհետև մասնակիցները եկեղեցում իրականցրին մոմավառություն և ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակին:
Հավերժ փառք բոլոր ընկած հերոսներին: