ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է հրամանագրում:
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
ՀՀ Սահմանադրության 130 հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:
Ըստ Սահմանադրության 158-րդ հոդվածի՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: