Գլխավոր Հասարակություն Մանկապարտեզներում սոցիալական հեռավորության հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել. պարզաբանում են տեսչական մարմնից

Մանկապարտեզներում սոցիալական հեռավորության հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել. պարզաբանում են տեսչական մարմնից

0

Թեեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեղմացվել են ընդունելության պայմանները, մասնավորապես, թույլատրվել է մանկապարտեզներում երեխաների կրթության գործընթացը կազմակերպել առավելագույնը 20 երեխայի համար` 18-ի փոխարեն, սոցիալական հեռավորությունն էլ 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետրը, այնուամենայնիվ շատ ծնողներ դժգոհում են երեխաներին մանկապարտեզ տանելու հնարավորություն չունենալուց՝ համոզված լինելով, որ սահմանված հեռավորությունն էլ շատ դեպքերում ձեւական է: Այս մասին հայտնում է` artimes.com-ը:

Չնայած նրանց դժգոհությանը՝ համապատասխան գերատեսչությունները վստահեցնում են, որ իրենց կողմից կատարվող ամենօրյա աշխատանքները, պարբերական ստուգումները, շրջայցերը եւ մանկապարտեզներում կատարվող ամենօրյա վերահսկողությունը միտված է հենց նրան, որ բացահայտվեն առաջացած խնդիրները, ռեալ գնահատական եւ լուծումներ տրվեն խնդիրներին՝ նաեւ հետագա անելիքները ճիշտ կազմակերպելու համար:

Հասկանալու համար, թե վերջին շրջանում ի՞նչ խնդիրներ են բացահայտվում մանկապարտեզներում ստուգումների արդյունքում, եւ առհասարակ ինչքանո՞վ են նախադպրոցական հաստատություններում պահպանվում հակահամաճարակային կանոնները, դիմեցինք Առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնին:

Մեր հարցմանն ի պատասխան՝ նրանք նշեցին, որ Տեսչական մարմնի կողմից իրականացվում են ամենօրյա պարբերականությամբ ստուգայցեր՝ առանց տնտեսավարողին նախապես զգուշացնելու: Առաջնահերթությունը մանկապարտեզներին տրվում է՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի կողմից ներկայացված նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրված COVID-19 հաստատված դեպքերի մասին տեղեկատվությունը, թեժ գծով, համացանցում տեղադրված նյութերը, ինչպես նաև Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։

Անդրադառնալով վերջին երկու շաբաթվա ընթացքում իրենց իրականացրած աշխատանքներին ու դրանց արդյունքներին՝ Տեսչական մարմնից նշեցին, որ ապրիլի 5-16-ը Տեսչական մարմնի կողմից իրականացվել է 38 ստուգայց Երևան քաղաքի 7՝ Շենգավիթ, Կենտրոն, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Նոր-Նորք վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում: Պարզվել է, որ մանկապարտեզներում հնարավորինս պահպանվում են հակահամաճարակային անվտանգության կանոնները, թերություններ հայտնաբերելու դեպքում դրանք տեղում վերացվում են։ Սանիտարական կանոնների խախտումներ չեն արձանագրվել։

Համապատասխան 19 ստուգայցեր են կազմակերպվել նաեւ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Ստուգայցերի ժամանակ հիմնականում արձանագրվել են աշխատակիցների և սաների ջերմաչափման խախտումներ, ախտահանման աշխատանքների գրանցամատյանների թերի վարման դեպքեր։

Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է թվով 8 ստուգայց ՀՀ Գեղարքունիքի մարզի 6 մանկապարտեզներում: Ստուգայցի ժամանակ Գեղարքունիքի մարզի մանկապարտեզներում խախտումներ չեն արձանագրվել, մանկապարտեզներում ո՛չ աշխատողների, ո՛չ սաների մոտ հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել։ Սյունիքի մարզի մանկապարտեզներում իրականացվել է թվով 12 ստուգայց. այդտեղ եւս խախտումներ չեն արձանագրվել։

Ըստ Տեսչական մարմնի տեղեկության՝ 2021 թվականին իրականացված ստուգայցերի ժամանակ խախտումներ են արձանագրվել Նշավան, Աբովյան, Ազատավան, Բաղրամյան համայնքների նախակրթարաններում, Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում, անհատ որոշ ձեռնարկատերերին պատկանող մանկապարտեզներում։

Ընդհանուր հանդիպող խախտումներից են ՝ փակվող կափարիչով աղբամանների վրա «Օգտագործված դիմակներ» մակնշման բացակայությունը, պտուտակավոր ծորակներով լվացարանների առկայությունը, խմբասենյակներում և սան.հանգույցներում փակվող աղբամանների բացակայությունը, ախտահանման և ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ ձևաչափին անհամապատասխանությունը, գրանցամատյանների թերի լրացումը, որոշ դեպքերում ախտահանիչ միջոցների բացակայությունը, հեռահար ջերմաչափերի բացակայությունը, ինչպես նաև արձանագրվել են դիմակների պարտադիր կրման պահանջի խախտումներ։

Առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնից հատնեցին, որ խախտումների արձանագրման դեպքում կազմակերպության տնօրենին տրվում է հանձնարարական և ժամկետներ՝ խախտումների վերացման համար, որից հետո Տեսչական մարմնի կողմից կատարվում է տրված հանձնարարականի կատարողականի ստուգում։ Խախտումները կրկնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի տնօրենը ենթարկվում է վարչական տույժի (սահմանվում է տուգանք)։ Հավելեցին, որ Տեսչական մարմնի կողմից տուգանքներ չեն սահմանվել, քանի որ ստուգայցերի ժամանակ տնտեսավարող սուբյեկտների կողմից տրված հանձնարարականները կատարվել են սահմանված ժամկետներում։

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում սոցիալական հեռավորության պահպանմանը եւ այն հարցին, թե ինչպես կարող են վերահսկել սահմանված սոցիալական 1 մետր հեռավորության պահպանումը, մեզ ասացին, որ սոցիալական հեռավորությունը պահպանվում է տարածքի գծանշումների, ինչպես նաև սեղանների և մահճակալների միջև 1մ հեռավորության պահպանմամբ, եւ ավելացրին,որ այդ առումով՝ խախտումներ չեն հայտնաբերվել։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Մեկնաբանել