ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ՝ Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
Վարչապետի երրորդ որոշմամբ՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում է նշանակվել Նարեկ Մկրտչյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է նշանակման որոշման մեջ:
Նարեկ Մկրտչյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, նրա լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը ԱԺ նախագահը ստորագրել էր երեկ: