Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանդիել է Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին: Պետրոսյանը լսել է ներկաների մտահոգությունները, քննարկվել է, թե ինչ կարելի է անել՝ տնտեսվարողների եւ շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ հանրության շահերը բալանսավորելու ու Լոռու մարզի բնապահպանական կայունությունն ապահովելու ուղղությամբ։
Այս մասին տեղեկացնում է նախարարություը: Խոսեվել է ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի եւ Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախարարի պաշտոնակատար Պետրոսյանի նշանակումից ի վեր մեկնարկած խորքային օրենսդրական բարեփոխումների մասին։
Այս պահին մշակվում է ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծը, փոփոխություն է կատարվում անտառային, ջրային, հողային օրենսգրքերում, կանոնակարգվում է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը։
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որեւէ քաղաքական որոշում չի կայացվում։ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անբեկանելի. բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսեւորում։
«Ես՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ եւ շրջակա միջավայրի կառավարման ու պահպանության ոլորտի քաղաքականությունը մշակող գերատեսչության ղեկավար, ՀՀ օրենսդրությամբ ինձ վերապահված գործառույթների շրջանակում հետեւողական եմ լինելու օրինականության ամրապնդմանը եւ բնապահպանական խնդիրներն ի շահ քաղաքացու լուծմանը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին խնդրել է շարունակել ծավալել իրենց ներդրումային ծրագրերը, հստակ գույքագրել մարզում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ եւ առաջիկայում հենց Լոռու մարզում՝ իրենց ղեկավարած հյուրատներից մեկում, ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի լայն շրջանակով քննարկել առաջիկա անելիքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում։