Գլխավոր Без рубрики Հայաստանի վարելահողերի մեծ մասի չմշակման հիմնական պատճառը ցածր եկամտաբերությունն է. Պետրոսյան

Հայաստանի վարելահողերի մեծ մասի չմշակման հիմնական պատճառը ցածր եկամտաբերությունն է. Պետրոսյան

0

Հայաստանի վարելահողերի մեծ մասի չմշակման խնդիրը կա երկար տարիներ, եւ դրա հիմնական պատճառը ցածր եկամտաբերությունն է: ՀԺ-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Այս մասին հայտնում է artimes.com-ը:

Ապրիլի 28-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։

Նրա խոսքով՝ միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես հայտնել էր, որ պատրաստվում են առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որեւէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրեւացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի:

Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ վարելահողերի մեծ մասի չմշակման պատճառները բազմաթիվ են եւ դրանցից յուրաքանչյուրն իր հիմնավորումն ունի: Իսկ ամենագլխավոր հարցն այն է, որ հողից ստացվող եկամուտը չափից դուրս ցածր է:

«Հայաստանում գյուղատնտեսական մթերքների արտադրության ինքնարժեքը բավականաչափ բարձր է, եւ ցավալին այն է, որ դեռեւս աշխատատար գործընթացների հիմնական մասը կատարվում է ձեռքով»,- ասաց նա:

Նախկին փոխնախարարը նշեց, որ Հայաստանում գյուղմթերքների իրացման գները էապես չեն փոխվել երկար տարիներ. «Խոսքը ոչ թե այն գնի մասին է, որով սպառողը ձեռք է բերում, այլ նրա, որով գյուղացին իր մթերքը վաճառում է: Ենթադրենք ցորենի իրացման գինը շուրջ 100-110 դրամի միջակայքում է տատանվում 20 տարի առաջ էլ, հիմա էլ, եւ երեւի թե մոտ ապագայում՝ նույնպես, սակայն կատարվող ծախսերը շարունակաբար ավելանում են»:

Ըստ նրա՝ ստացվում է մի իրավիճակ, երբ արտադրությունն առանձնապես չի բարձրանում, բերքատվության կտրուկ բարձրացում չկա, ինքնարժեքը բարձրանում է, իրացման գինը մնում է նույնը, բայց գյուղացին շատ փոքր շահույթ է ստանում. «Այստեղ պետք է նկատի ունենալ նաեւ դրամի արժեզրկումը. եթե գյուղացին, ասենք, 15 տարի առաջ 200 հազար դրամ եկամուտ էր ստանում, դա ինչ-որ բան նշանակում էր, երբ նույն գումարը հիմա է ստանում՝ հասկանալի է, որ չի կարող գյուղացու համար դա խնդիր լուծել»:

Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում նաեւ մեծաքանակ արտադրանքի պահանջարկ չկա եւ ազգաբնակչության գնողունակության նվազման պայմաններում սպառման ծավալները նվազում են: Ըստ նրա՝ հավասարակշիռ վիճակ ապահովելու համար շատ կարեւոր է, որ հստակ իրականացվի արտահանումների կազմակերպումը:

«Շատ դեպքերում լճացում է առաջանում, իսկ գյուղմթերքը փչացող է, չի կարող երկարաժամկետ պահպանության դրվել: Գյուղացին ստիպված է լինում բերքը վաճառել շատ դեպքերում նույնիսկ ինքնարժեքից ցածր գներով՝ համեմատաբար ավելի քիչ կորուստներ ունենալու համար»,- մանրամասնեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է արտադրողականությունը բարձրացնել, նա ասաց, որ դրա համար մի շարք խնդիրներ պետք է լուծել, մասնավորապես՝ գնալ ինտենսիվացման ճանապարհով, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության եւ զարգացման, հողատարածքների ջրարբիացման ուղղությամբ:

Ըստ նրա՝ այսօր ամբողջ աշխարհում ցանքի, խնամքի, մշակության աշխատանքները մինչեւ բերքահավաք եւ դրանից հետո մեքենայացված եղանակով է արվում, իսկ Հայաստանում խեղճ ու կրակ գյուղացին բահին եւ ուրագին է շարունակում ապավինել: Պետրոսյանն ընդգծեց. «Մեր գյուղատնտեսական արտադրանքը համային ու որակական հատկանիշներով շատ բարձր է, բայց շուկա դուրս գալու համար շատ կարեւոր է, որ այդ ապրանքը գնային առումով մրցունակ լինի, որ սպառում ունենա»:

Նախկին փոխնախարարի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ եղել է «մնացորդային» եւ հիմա նորից շարունակվում է դա, իսկ ամենացավալի իրողությունն այն է, որ ՀՀ-ում գյուղատնտեսության նախարարություն հիմա չկա:

Ըստ նրա՝ մի կարեւոր հարցի պետք է պատասխանել. «Ինչո՞ւ գյուղացին հողը չի մշակում, եթե այս հարցի պատասխանը տալիս ենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում, մնացած բոլոր խոսակցությունները՝ «կանենք, պիտի անենք» դրանք միշտ էլ եղել են: Վերցնենք 10 կամ 20 տարի առաջվա ռազմավարությունները, բոլորը բարի ցանկություններ են, կարդում ես հիանում ես, բայց իրականության մեջ դա որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ինչպես է իրականացվելու»:

Հարցին՝ մեր գյուղացիները ի՞նչ մշակաբույսեր պետք է աճեցնեն, որ բարձր եկամուտ ստանան եւ հողերի մշակումն էլ խթանվի, Պետրոսյանը պատասխանեց. «Հատուկ դեղատոմս առաջարկել չի կարելի: Նույնիսկ նույն համայնքի տարբեր հատվածներում հողի որակը տարբեր է: Ասենք՝ գյուղի մի հատվածում հնարավոր է ձմերուկ մշակել, իսկ մյուս հատվածում՝ ոչ: Մի գյուղում կարող է հրաշալի կեռաս աճել, իսկ հարեւան գյուղում ոչ»:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր դեպքում պետք է մասնագիտական ճիշտ ուսումնասիրություն կատարվի: Որպես բարձրարժեք մշակաբույս հիմնական շեշտը պետք է դրվի կորիզավոր պտղատեսակների արտադրության վրա:

Անդրադառնալով ոռոգման ջրի վճարից ազատվելու ծրագրին, Պետրոսյանն ասաց, չգիտի, թե այդ գաղափարը ում գլխում է հղացել, բայց վարչապետին ապակողմնորոշում են. «Վարչապետին պիտի  փաստարկված բաներ ներկայացնել: Ենթադրենք Վայոց ձորում 5 տարի ոռոգման ջրից ազատում են, ինչքա՞ն է կազմելու դա: Տարեկան մի 40 հազար դրամ զիջելը կխրախուսի՞ հողերի մշակումը»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել