Գլխավոր ԵՐԵւԱՆ Այսօր Հայաստան է ժամանելու Սերգեյ Լավրովը. կքննարկեն ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործումը,...

Այսօր Հայաստան է ժամանելու Սերգեյ Լավրովը. կքննարկեն ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործումը, գերիների հարցը

0

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի:  Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Նշվում է, որ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի քաղաքական ղեկավարության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով, շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», – ասել է Զախարովան:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Լավրովի ակտիվ շփումների առարկան: Ապրիլի 1-ին նա Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է նաեւ Լավրովի եւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թեհրանում կայացած հանդիպմանը: Ապրիլին նույնպես ՌԴ նախարարը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ քննարկել էր համագործակցությունը Ղարաբաղում՝ հակամարտության գոտում զոհերին օգնություն ցուցաբերելու հարցում:

Միաժամանակ,  ТАСС-ը հիշեցրել է, որ հայկական կողմը պնդում է՝ Բաքուն չի պահպանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ութերորդ հոդվածի դրույթները `ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակման մասին: Երեւանն արդեն բազմիցս հայտնել է, որ տվյալ հարցը համարում է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրագործման առանցքային խնդիրներից մեկը: Ըստ լրատվամիջոցի, հավանաբար, այս թեման կրկին կբարձրացվի Երեւանում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումների ժամանակ:

Հիշեցնելով Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, լրատվամիջոցը գրում է, որ «Լավրովի այցը տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի երկու արտահերթ նստաշրջանների միջեւ, որոնց ժամանակ քննարկվում է նոր վարչապետի ընտրության հարցը, որից հետո ակնկալվում է օրենսդիր մարմնի լուծարում: Կարելի է ակնկալել, որ այցի ընթացքում Ռուսաստանի նախարարը կտեղեկացվի հանրապետությունում քաղաքական իրավիճակի մասին»:

Մեկնաբանել