Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանը շուտով կունենա հիմնանորոգված շենք: Դպրոցի վերակառուցումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:
Այդ նպատակով ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփիչ այց են իրականացրել վարժարան՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Նրանք փաստել են, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների:
Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքերը, իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ինչպես նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ:
Բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները, կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, մասնավորապես, դպրոցի համար անցկացվել է ջրագիծ, որի արդյունքում ուսհաստատությունն ապահովվել է խմելու և ոռոգման ջրով: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները. ըստ այդմ` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:
Դպրոցի տնօրեն Վ. Ավետիսյանը նշել է, որ հիմնանորոգված դպրոցի առկայությունը նոր լիցք կհաղորդի Գյումրի քաղաքին և կարևոր նախապայման կդառնա հանրակրթության ոլորտում նոր արդյունքներ գրանցելու համար:
ԿԳՄՍՆ-ն նշել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում երկրորդ փուլով ընթացքի մեջ են 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ամփոփել ևս յոթ՝ Վաղարշապատի թիվ 5, Երևանի ՀՊՄՀ հենակետային վարժարանի, Արթիկի թիվ 3, Սևանի, Գորիսի թիվ 1, Երևանի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգումը: